ԲԴԽ-ն կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթ կքննվի:
Այս մասին 168.am-ի տեղեկությունը հաստատեցին ԲԴԽ-ից՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մեր տեղեկություններով՝ վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա:
Վարույթի հարուցման առիթը դատավոր Տիգրան Սիմոնյանի կողմից առանց ծանուցման դատական նիստ նշանակելն ու անձին կալանքի տակ թողնելու որոշում կայացնելն է, այսինքն՝ առանց որոշման անձին կալանավորել է, տեղեկանք է տվել, բայց մեկ ամսից ավելի որոշում չի տվել:
Խոսքը, մեր տեղեկություններով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու վերաբերյալ կայացված վճռի մասին է: Վերջինս մեղադրվում է 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք՝ պատշաճ ծանուցված, սակայն առանց ամբաստանյալի անցկացված դատական նիստում նրա վերաբերյալ կալանքի որոշում կայացրած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, և վերջինս կալանավորվեց:
Առհասարակ Տիգրան Սիմոնյանը բավականին հաճախ հիշատակվող դատավորներից է:
Ճիշտ է, նրա անունը ԶԼՄ-ներում հիմնականում հայտնվում է իր համար ոչ բարենպաստ լույսի ներքո, սակայն ըստ էության դա նրան առանձնապես չի հետաքրքրում:
Օրինակ, Տիգրան Սիմոնյանը կալանքի որոշում կայացրեց «Սիսական» ջոկատի՝ շուրջ մեկ տարի ազատության մեջ գտնվող հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ, ով այդ մեկ տարվա ընթացքում չէր խախտել պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ դատավարական պահանջը:
Օրեր առաջ էլ Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ դատարանի դատական նիստերի դահլիճներից մեկում ամենուր փնտրում էր Տիգրան Սիմոնյանին. Ժամը 10։00-ին նշանակված դատական նիստին դատավորը չէր ներկայացել ու այդպես էլ չներկայացավ, որ քննի Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի փոփոխության հարցը:
Տիգրան Սիմոնյանի երկրորդ հայտնությունը Վերաքննիչ քրեական դատարանում առհասարակ հարթ չի անցնում, թեպետ վերջինս ունի ղեկավարության անվերապահ աջակցությունը. Նա շարունակ հայտնվում է սկանդալների կիզակետում:
Հիշեցնենք նաև, որ Տիգրան Սիմոնյանը մի անգամ արդեն հասցրել էր Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամանակ կարճ ժամանակ աշխատել, ապա վիրավորված ազատվել էր ու նորից վերադարձել արդեն Տիգրան Սահակյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո: