Կյանքը շարունակելու պատգամ. 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Արցախի դրամատիկական թատրոնը հանդես կգա Բեռլինում և Քյոլնում
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը 13 հոգուց բաղկացած դերասանական կազմով հունիսի 24-ին՝ Քյոլնում, և հունիսի 26-ին՝ Բեռլինում հանդես կգա «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ: Այս մասին 168.am–ին հայտնեցին Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից:
Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին, այս տարի նշում է 90-ամյակը: Դեռևս 2020 թվականի օգոստոսին էր բեմադրվել Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի հիման վրա ներկայացումը, սակայն վրա հասած 44-օրյա պատերազմից հետո թատրոնի աշխատանքը կանգ էր առել: «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը, կարելի է ասել, թատրոնի վերածնունդն է: Այն բեմադրել է նյույորքաբնակ ռեժիսոր և դերասանուհի Կարինե Քոչարյանը:
Ներկայացման լեզուն հայերեն է՝ անգլերեն ենթագրերով:
Ներկայացումը սարերի մեջ ծվարած դատարկվող գյուղի մասին է, որն ընդամենը 30 տարեց բնակիչ ունի: Տեսել են երաշտ, սով, երկրաշարժ: 58-ամյա կինն ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը: Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը: Երկրորդ ամուսնության առաջարկ է անում գյուղի դարբինը՝ պետք է որոշել՝ շարունակե՞լ կյանքը դարբնի հետ, թե՞ ոչ: Ի վերջո, այրին ընդունում է առաջարկը և գյուղում նոր կյանք է ծնվում: Պիեսը կյանքը շարունակելու խորհուրդ ու պատգամ ունի:
Բեմադրող ռեժիսոր Կարինե Քոչարյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ բեմադրությամբ փորձել է լինել այն արցախցու մի մասը, որը պահում է հողը:
Իսկ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից հայտնեցին նաև, որ դպրոցականների, ուսանողների, թոշակառուների համար տոմսի արժեքը 25 եվրո է, մինչև 12 տարեկան երեխաների համար՝ 10 եվրո, մյուսների համար արժեքը 30 եվրո է: