«Համբուրում եմ ձեր ձեռքերը»․ Փաշինյանի և Սորոսի, Անահիտ Ավանեսյանի և Բիլ Գեյթսի կերպարներով դերախաղ բողոքի ակցիայի ընթացքում
Այսօր կեսօրից հետո մի խումբ քաղաքացիներ գնացել էին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն և բողոքի ակցիա իրականացրել Հայաստանում գործող բիոլաբորատորիաների դեմ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ այդ լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում, ինչն առաջին հերթին լուրջ վտանգ է ՀՀ քաղաքացիների առողջության համար։
Քաղաքացիներն ակցիան ավարտեցին փոքրիկ դերախաղով։ Նախ հայտնվեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Բիլ Գեյթսի կերպարներով ակցիայի մասնակիցները։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը դա այսպես բացատրեց․
«Բիլ Գեյթսն իր հիմնադրամներով խորացած է հենց այս կենսաբանական խնդիրների շուրջ, և լավ հիշում եք, որ COVID-ի հետ կապված ամբողջ գործընթացի հիմքում կանգնած էր Բիլ Գեյթսը։ Բայց մենք գիտենք, որ Բիլ Գեյթսն ազատ չէր կարող գործել Հայաստանում, եթե նրա փոխարեն չլիներ մեկ այլ ֆինանսավորող՝ Սորոսը»։
Այդ պահին Բիլ Գեյթսի դիմակը կրող տղամարդը հանում է այն, որի տակ մեկ այլ դիմակ կա՝ Ջորջ Սորոսի կերպարով։ Արա Զոհրաբյանն ասաց, որ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն, իհարկե, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չէ, այլ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին էլ Ավանեսյանի դիմակը կրող քաղաքացին հանում է այն, որի տակ Նիկոլ Փաշինյանի կերպարն է։
«Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որ թիվ 1 պատասխանատուն իր պատասխանը ստանա»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Փոքրիկ դերախաղն ավարտվում է, երբ Նիկոլ Փաշինյանի կերպարով քաղաքացին նետվում է Ջորջ Սորոսի կերպարով ակցիայի մասնակցի գիրկը և բացականչում․
«Համբուրում եմ ձեր ձեռքերը, խոնարհվում եմ ձեր առա՜ջ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում