«Սորոսականներին անհիմն կերպով արդարացնելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը»․ Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պաշտոնե հայտարարում եմ՝ Սորոսականներին անհիմն կերպով արդարացնելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը»:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանին աղբամանը գցելու համար «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին երեկ դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, մեղավոր չճանաչվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ հրապարակել է դատավճիռը՝ ճանաչելով և հռչակելով «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում։

Ամբաստանյալներն արդարացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ վերացվել։

Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել ամբաստանյալներին՝ դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն առաջարկել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Տուժող Նարեկ Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազին՝ հայտնելով իր անհամաձայնությունը միայն պատիժը պայմանականորեն չկիրառելուն, իսկ պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։

Հիշեցնենք, որ 2019թ մարտի 4-ի գիշերը Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ»-ի անդամների կողմից ենթարկվել է հարձակման։ «Ռեստարտ»-ի անդամները նշել էին, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերներում Մալյանը մշտապես վիրավորանքներ էր հնչեցրել իրենց հասցեին: Անդամներից Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են Մալյանին գցել աղբամանը, ապա՝ տարածել նաև միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով, սակայն «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին, Հրաչ Խլղաթյանին, Յուրի Ավագյանին, Գարիկ Միսկարյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ միմյանց հետ նախնական համաձայնության գալով, բացահայտ կերպով խմբակային առևանգում կատարելու փորձի հատկանիշներով։ Քրեական գործով Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող։

Տեսանյութեր

Լրահոս