Ինչո՞ւ է իշխող ուժը Երևանի ավագանուն օժտում ինքնալուծարվելու իրավունքով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավոր՝ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանը, փոփոխություններ են նախաձեռնել Ընտրական օրենսգրքում:
Փոփոխությունների փաթեթում ներառված է ևս մեկ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի մասին» փոփոխությունների նախագիծ։ Դրանցից հատկապես ակնառու է այն, որ ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն են տալիս:
Գործող ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի սեպտեմբերին, ու հասկանալի չէ, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիրը» չի ուզում սպասել ընդամենը մեկ տարի և շտապում է ավագանուն օժտել ինքնալուծարվելու իրավունքով:
Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում՝ ձայների մեծամասնությամբ, երբ անվստահություն էր հայտնվել նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանին:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, օրենսդրական այս փոփոխություններով իշխանությունն ուզում է անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ինչո՞ւ: Չկա՞ բավականաչափ վստահություն Հրաչյա Սարգսյանի նկատմամբ, որ մեկ տարի հետո թիմը չի փոխի, թե՞ այնուամենայնիվ հիմա են ուզում կազմակերպել արտահերթ ընտրություններ, իշխանության՝ քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հնարավորինս արագ քաղաքապետ կարգելու նպատակով:
Թեմայի մասին զրուցել ենք Երևանի ավագանու անդամներ Միքայել Մանրիկյանի և Դավիթ Խաժակյանի հետ: