Եթե մի ստահակ ուզում է Արցախը տալ, լավ ապրել, թող իմանա՝ առաջինն իրեն են մորթելու. խաղաղության դարաշրջանը բերելու է պատերազմ. Արման Աբովյան

«Ռուսաստան-Արևմուտք առճակատման ֆոնին ԱՄՆ-ը հայտարարել է՝ պատրաստ է Արցախյան հիմնախնդրի հարցով աշխատել Մինսկի խմբի համանախագահության կազմում։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը այդ պատրաստակամության մասին հայտնել է ոչ թե նրա համար, որ ցանկանում է պաշտպանել հայկական շահը Հարավային Կովկասում, այլ, բացառապես իր շահերի պաշտպանության նպատակով, և դա ցանկանում է անել այն տարածաշրջանում, որտեղ, ցավոք, հայկական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այլևս Հայաստանը հարց որոշող չէ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատանքը Մինսկի խմբում, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ հիմա Հարավային Կովկասում նայողի կարգավիճակը ստանձնելու ուղղությամբ ընթանում է մրցավազք, և այս համատեքստում պատահական չեն ԵՄ և ԱՄՆ տարբեր պաշտոնյաների խիստ պարբերական այցերը Հայաստան։

Ըստ Աբովյանի՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնած է փաստի առաջ, մի կողմից՝ կա իշխանություն, որն ի զորու չէ պաշտպանել Հայաստանի շահերը, մյուս կողմից՝ կա հնարավորություն Ռուսաստանի միջոցով այդ պաշտպանությունն իրականացնելու՝ թուրքական սպառնալիքի մեջ չհայտնվելու նպատակով։

«Ուստի, առաջինը լինելով հայամետ, պետք է հաշվի առնել ռուսական գործոնը, իսկ այն մարդիկ, որոնք մահու կռիվ են տալիս Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերման համար, պետք է ասեն՝ այդ անելով այստեղ են բերում ՆԱՏՕ-ի բանակներից մեկը՝ թուրքականը։ Մեր շահերից է բխում, որ այս տարածաշրջանում մոդերատորը լինի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը, որը Բերդի տարածաշրջանում ռազմական ներկայություն տեղակայելով՝ նպատակ ունի վերահսկել ՀՀ-ից դեպի Վրաստան տանող մեր ռազմավարական նշանակության ճանապարհները»,- ասաց Աբովյանը՝ կարևորելով Արցախի մնացյալ հատվածի պաշտպանության հարցում ռուսական դերակատարությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է՝ առանց Արցախի վտանգված է լինելու Հայաստանը։

«Սա պետք է մարդիկ հասկանան, ուստի, եթե ինչ-որ ստահակ ասում է՝ Արցախը տանք, Հայաստանը լավ կապրի, պետք է իմանա՝ տվեց՝ թշնամին առաջինն իր տուն է մտնելու ու մորթի իր երեխաներին։ «Բարգավաճ Հայաստանը» երբեք չի դիտարկելու, որ Արցախն ինչ-որ մի ձևով կարող է երբևէ առնչվել Ադրբեջանի հետ։ Այն քաղաքականությունը, որն այսօր գոյություն ունի, դա տանում է դեպի կործանում, իսկ խաղաղության դարաշրջանը բերելու է պատերազմի, ուստի պետք է դուրս գալ այն իլյուզիաներից, որի մեջ տապակված է իշխանությունը։ Կրկնում եմ՝ պատերազմ, արհավիրք և ոչնչացում են բերում նրանք, որոնք խաղաղության անվան տակ հանձնում են կամ փորձում են հանձնել ՀՀ կենսական շահերը»,- ասաց նա։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս