Բաժիններ՝

Կարեն Գիլոյանն ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 21-ին ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլին և ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատուներից Քալֆոս Պեռ Էլիասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հայկական կողմի հրավերով մարզիչների վերապատրաստման 6-օրյա դասընթացներ են իրականացրել Հայաստանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նորվեգացի գործընկերների հետ համագործակցությունն՝ ի նպաստ ձմեռային մարզաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացման ու հայ մասնագետների որակների բարձրացման:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի խոսքով՝ Նորվեգիայի ֆեդերացիայի հետ ունենք արդյունավետ փոխհամագործակցություն, իսկ մարզչական դասընթացներն անցել են շատ ուսուցողական և հետաքրքիր. «Անցկացվել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ: Նորվեգացի մասնագետներն աշխատել են նաև մեր 50 երեխաների հետ: Այս համագործակցությունը շարունակական է լինելու: Հաջորդ դասընթացները նախատեսում ենք անցկացնել ձմեռային ամիսներին»:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլն ասում է՝ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում.

«Հիանալի պայմաններ ունեք ու նաև շատ լավ մասնագետներ: Վերապատրաստման դասընթացներ անցկացրինք 16 մարզիչների հետ, ու ինձ համար ամենակարևորն այն էր, որ նրանք բոլորն էլ ունեին սովորելու շատ մեծ ցանկություն և ձգտում: Զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկը կրթությունն է: Վստահ եմ՝ Հայաստանն առաջիկա տարիներին կարող է թոփ-մարզիկներ ունենալ, եթե շարունակենք համակարգված աշխատել: Մեզ համար էլ է այս փորձը կարևոր: Հավատացեք՝ հայաստանյան մշակույթից, մարզիչներից ու մարզիկներից մենք էլ ենք շատ բան սովորել»:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին, կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ.

«Միքայել Միքայելյանն օգոստոսին կմեկնի Նորվեգիա՝ կարճ ուսումնամարզական հավաքի: Սեպտեմբերին Նորվեգիայի հավաքական թիմի հետ ևս մեկ հավաքի կմեկնի, իսկ հոկտեմբերին նրանց հետ կմասնակցի աշխարհի գավաթին ու միջազգային որոշ մրցաշարերի»:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասն ասում է՝ Միքայելը շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի՝ էլ ավելի լավը դառնալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք ունեն պոտենցիալ՝ աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մարզվելու և հավաքներ անցկացնելու:

«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դահուկասպորտում: Հասցրել եմ մի շարք վայրերում լինել, օրինակ, Աշոցքում, համոզվել եմ, որ առկա են բոլոր պայմանները՝ Հայաստանում դահուկասպորտն էլ ավելի զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու համար: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել Ձեր երկրում: Մրցակցության տեսանկյունից էլ լավ կլինի, որ այս մարզաձևը հնարավորինս շատ երկրներում զարգանա, ու մենք դրա համար պատրաստ ենք մեր օգնությունը տրամադրել՝ մարզումների, մարզիչների վերապատրաստումների և այլ հարցերով»,- ասել է Պեռ Էլիասը:

Կարեն Գիլոյանը մարզաձևի նորվեգացի գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ առաջարկելով ձմռանն ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս