Բաժիններ՝

Պարզվում են Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցում, մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախքաննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հատուկ տեխնիկական միջոցներով միմյանցից կտրված երկաթե խողովակի երկու կտոր, իսկ խողովակում՝ սպիտակ փոշենման զանգված:

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում առաջացած պայթյունը:

Քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ պայթյունի պատճառները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս