
ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ընտանեկան բռնարա՞ր. Կնոջը ծեծելու մասին տեղեկությունները ստուգվում են ԱԱԾ-ում. «Փաստինֆո»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել այն մասին, որ Ռուստամ Բաքոյանը պարբերաբար ծեծել է կնոջը, ում տանն ապրել է, նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել իրենով անել 13 հազար դոլար արժողությամբ ժամացույց։ Բաքոյանի վերաբերմունքի մասին պատմել է հենց վերջինիս կինը։
Համաձայն հրապարակման՝ Բաքոյանը, պատգամավոր դառնալուց հետո մեծ ջանքեր ներդնելով, ծանոթացել է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ, իսկ կինը, Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը, տեղափոխվել է Հայաստան և նրանք սկսել են միասին ապրել։ «Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի՝ Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար»։
Ռուստամ Բաքոյանն ինքը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքել է կնոջը ծեծելու մասին լուրը՝ հայտարարելով, թե գործը դատախազությունում է, ուսումնասիրության փուլում է։