Կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը. հայտնի են հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից:
Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Կանանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Ավան» թիմը (Պողոսյան Մերի, Մելքումյան Դիաննա), երկրորդ տեղը զբաղեցրել է «Վան» ակումբի աղջիկների թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի ԲՊՀ թիմը:
Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև: Երրորդ տեղի համար պայքարում միմյանց հետ մրցել են «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերը. հաղթել են գյումրեցիները՝ 2:0 հաշվով: Տղամարդկանց եզրափակչում մրցել են ՖԻՄԱ-1-ն ու Հայաստանի Մ20 հավաքականը: Հաղթող է ճանաչվել Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը՝ դիմակայությունն ավարտելով 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ) և Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ):
ԲԿՄԱ և ԽՄՕՄՄ թիմերի մարզիկները միավորվել են Մ20 հավաքական թիմի կազմում և պատրաստվում են հուլիսի 12-17-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը: