«Թշնամուն շատ մոտ գտնվող տարածքներում դժվարությամբ ենք աշխատում․ կանչում ենք ռուս խաղաղապահներին». Խնապատի բնակիչ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում վերջին շրջանում իրավիճակը խաղաղ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խնապատ գյուղի բնակիչ, տրակտորիստ Կարեն Մելքումյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ թշնամին չի կրակում, բնակիչները կարողանում են հանգիստ զբաղվել իրենց առօրյա աշխատանքով, բերքը մշակել ու հավաքել։

«Հիմա գարին արդեն հնձելու է, պետք է հնձենք, այդ աշխատանքներով ենք զբաղվում։ Ձմռան հետ համեմատած՝ այսօր իրավիճակը հանգիստ է, թշնամին չի կրակում, բայց մեզ համար շարունակում է խնդիր մնալ այն, որ թշնամուն շատ մոտ գտնվող տարածքներում դժվարությամբ ենք աշխատում։ Եթե այդ տարածքները թշնամուն շատ մոտ են, կանչում ենք ռուս խաղաղապահներին, նրանք գալիս, կանգնում են, մենք մեր աշխատանքն անում ենք»,- նշեց Կարեն Մելքումյանը։

Միաժամանակ նա ասաց, որ եթե մոտենում են այն տարածքներին, որոնք շատ մոտ են թշնամուն, թշնամին նրանց զգուշացնում է հետ գնալ, հակառակ դեպքում՝ կկրակեն։ Այդ դեպքում գալիս-կանգնում են ռուս խաղաղապահները, որպեսզի թշնամին չկրակի։

«Դե, այսպես ասենք՝ այժմ հարաբերական հանգիստ է, թե ինչ կլինի հետո, որևէ մեկը չի կարող ասել»,- եզրափակեց Կարեն Մելքումյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Մելքումյանն իր սեփական տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում նաև հարևան Խրամորթ գյուղում։ Փետրվարի 15-ին Խրամորթում թշնամին կրակել էր Կ. Մելքումյանի ուղղությամբ, նա տրակտորով հերկ կատարելիս էր եղել, կրակոցներից վնասվել էր նրա տրակտորի ետևի անվադողը: Չնայած այդ ամենին, տրակտորը վերանորոգելուց հետո, Կարեն Մելքումյանը շարունակում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

Տեսանյութեր

Լրահոս