Շրջակա միջավայրի նախարարությունը տիկտոկեր փոխնախարարի երեխաների համար ծառայում է որպես մանկապարտեզ
ՀՀ իշխանությունների համար օրինաչափություն է դարձել պաշտոնի նշանակելուց հետո անմիջապես իրենց հովանավորյալ պաշտոնյաներին ֆիզարձակուրդ ուղարկելը և պետական բյուջեից ահռելի գումարներ տրամադրելը։
Դրա վառ օրինակներից են Տաթևիկ Ռևազյանը և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Տաթևիկ Ռևազյանն արդեն ազատվել է աշխատանքից, իսկ Գայանե Գաբրիելյանը, ընդհակառակը, վերադարձել է աշխատանքի։
Հետաքրքրականն այն է, որ Գաբրիելյանն արձակուրդից մենակ չի վերադարձել, այլ խմբով։ Խմբի կազմում են Գաբրիելյանի երկու երեխաները և նորածին երեխայի դայակը, իսկ երբեմն դայակի պարտականությունները դրվում են Գաբրիելյանի օգնականի վրա՝ այսպիսով խաթարելով պետական հիմնարկի բնականոն աշխատանքը։
Նախարարության աշխատակիցները նեղսրտում են, որ փոխնախարարի հետ որևէ հարց քննարկել չի ստացվում, քանի որ տիկինը աշխատանքի է ներկայանում ժամը 11-ից ոչ շուտ, իսկ ներկայանալուց հետո զբաղված է երեխա կերակրելով։ Նախարարության միջանցքներում հաճախ կարելի է հանդիպել մանկասայլակով երեխայի՝ դայակի ուղեկցությամբ։
Շրջակա միջավայրի նախարարության՝ 168.am-ի աղբյուրները հայտնում են, որ փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, ով լայն հանրությանը հայտնի է որպես տիկտոկեր, մի կողմ է դրել իր պաշտոնեական գործառույթները, ինչի հետևանքով իր իրավասության ներքո գտնվող բոլոր հարցերի ու խնդիրների համակարգումը կատարվում է ուշացումով։
Հարցին, թե նախարարն ինչպես է արձագանքում Գաբրիելյանի անգործությանն ու երեխաների ներկայությանը նախարարությունում, մեր աղբյուրները պատասխանեցին, որ միգուցե նախարարը նույնիսկ տեղյակ չէ այդ մասին։ Փաստացի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը պետության կողմից տրամադրված աշխատասենյակը ծառայեցնում է իր ընտանիքի կենսական կարիքների բավարարմանը։