«ԱԱԾ-ի դիմաց եմ, բարձրանում եմ հարցաքննման»․ զոհվածների ծնողները Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ուենցած միջադեպի առնչությամբ հարցաքննվում են

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մի քանիսի հարազատներն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում են՝ հարցաքննության։

Զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ևս հրավիրել են հարցաքննության։ Ծնողները հարցաքննվելու են 2022 թվականի մայիսի 20-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

«Երեկ մեզ զանգահարել և 10։30 հրավիրել են ԱԱԾ։ Ես հենց այս պահին ԱԱԾ-ի դիմաց եմ, բարձրանում եմ հարցաքննման, հավանական է՝ դեռ որպես վկա, թե հետո ինչ կդառնա՝ ժամանակը ցույց կտա։ Ինձ մի քիչ ժամանակ տվեք, կարծում եմ՝ երեկոյան ահագին ասելիք կունենանք․․․»,- ժամը 11։00-ի սահմաններում 168am-ին ասաց զոհված Արման Ազատյանի հայրը։

Զոհված զինծառայողների հարազատները հունիսի 16-ին Գլխավոր դատախազության շենքի դիմաց հայտարարել էին, թե ապացույցներ ունեն, որ Արգիշտի Քյարամյանն այդ հանդիպման ընթացքում մատ է թափ տվել ծնողների վրա, այնուհետև իրավիճակը լարվել է, Քյարմյանի «ախրաննիկն» է եկել և այլն։

Նրանք դատախազությանը 5 օր ժամանակ էին տվել, որպեսզի քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխվի ԱԱԾ, այլապես փաստեր են հրապարակելու։

Այսօր Գլխավոր դատախազությանը տված ժամկետի վերջին՝ 5-րդ օրն է լրանում, և «պատահականության» սկզբունքով Քննչական կոմիտեն հենց այսօր է միջադեպի առնչությամբ պարզաբանում տարածել՝ նշելով․ «Ավելի քան 40 ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով»:

Հաշվի առնելով ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը, Վիգեն Ազատյանին հարցեցինք՝ շարոնակո՞ւմ են պնդել, որ միջադեպ է տեղի ունեցել ծնողների և Քննչական կոմիտեի նախագահի մասնակցությամբ։

«Բնականաբար։ Ապացույցներ, բնականաբար, կան․․․»,- ասաց Վիգեն Ազատյանը, ապա հավելեց, որ իրենց պահանջը մնում է նույնը, քրեական գործը Քննչական կոմիտեից պետք է տեղափոխվի Ազգային անվտանգության ծառայություն։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվի, և նրան կալանավորեն։

Ծնողները պնդում են, որ գործը պետք է քննի ոչ թե Քննչական կոմիտեն, այլ Ազգային անվտանգության ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս