ՔՊ-ի պատգամավորները Փաշինյանին կարող են հեռացնել, Փաշինյանն իրենց՝ ոչ. նրանք իրենց մանդատով ավելի ուժեղ են. Տաթևիկ Հայրապետյան

Երեկ հայ զինվորի սպանությունը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ երբ Ադրբեջանի նախագահն ունենում է ռազմակոչ ելույթ, դրան պարտադիր հաջորդում է հայ զինվորի սպանություն։

Եկեք հիշենք, որ նման մի դեպք էլ արձանագրվեց մայիսի 28-ին. այդ օրը զոհ ունեցանք, ինչը հաջորդեց մայիսի 27-ին Զանգելանում Ալիևի ռազմատենչ ելույթին: Հետևապես՝ այն մարդիկ, որոնք Ալիևի ելույթները դիտարկում են սոսկ որպես ներքին սպառման համար ասված տեքստեր, թող հստակ գիտակցեն՝ դրանք ոչ թե տեքստեր են, այլ հայ զինվորներին սպանելու հրահանգներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի սահմաններին ադրբեջանական հերթական ագրեսիային, նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ խնդրահարույց համարելով այն, որ հայ զինվորի սպանությունից մեկ օր անց էլ ոչ Պաշտպանության, ոչ Արտաքին գործերի նախարարությունը կամ այլ մարմին հստակ դիրքորոշում չի հայտնել՝ գոնե հայտարարությամբ փորձ արվեր զսպել Ադրբեջանին։

«Փոխարենը՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմի լռությանը զուգահեռ՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը միջնորդական առաքելությամբ է զբաղված մեր տարածաշրջանում, չգիտես ինչու, ողջունել է Ադրբեջանի նախագահի այն ելույթը, որտեղ Ալիևը սպառնում է մեզ՝ հայտնելով, որ, եթե «Զանգեզուրով միջանցք» Հայաստանը չտա, իրենք կդիմեն պատերազմի: Անհասկանալի է, որ Կլաարը ողջունում է այն հայտարարությունը, որտեղ Ալիևն ասում է՝ մենք հաղթող կողմ ենք, կասենք՝ ինչ ենք ուզում, հայերն էլ պետք է ենթարկվեն»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Անդրադառնալով Բաքվում միջազգային ֆորումի ժամանակ Ալիևի այն պնդմանը, թե «Զանգեզուրով միջանցքը» հայկական կողմից չստանալու դեպքում կպատերազմեն, Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց, որ դա ադրբեջանական հերթական ագրեսիայի սանձազերծման մեկնարկն է. Ալիևը դա անում է միջազգային հանրության առաջ, որպեսզի այդ նույն միջազգային հանրությունն իրեն չդատապարտի, երբ ինքը հարձակվի Սյունիքի վրա, իսկ այն, որ հարձակվելու է, ռեալ է, և դրա մասին են վկայում նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն։

«Փաշինյանը հայ հանրությանը պատրաստում է նոր զիջումների։ Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է պատերազմով՝ եթե թույլ չտան իրեն գնալ նոր զիջումների։ Փաշինյանն այս ամենով ստեղծում է Արցախից հրաժարվելու ալիբի, իսկ դրա համար նա ունի մեկ նպատակ՝ ապացուցել, թե նախկիններն են բանակցել Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, բայց չէ՞ որ դա Փաշինյանի թիվ մեկ սուտն է։ Այս ստից զատ էլ հիմա փորձում է ասել՝ կփրկվենք, եթե հրաժարվենք Արցախից, դա էլ է սուտ, որովհետև եթե մենք հրաժարվենք Արցախից, ապա կկանգնենք մեր պետականությունը կորցնելու խնդրի առաջ, իսկ դա հասկանում է Ալիևը»,- ասաց Հայրապետյանը։

Ըստ ադրբեջանագետի՝ Նիկոլ Փաշինյանն իր՝ ինչպես այս, այնպես էլ՝ այլ վտանգավոր հայտարարություններով ու գործողություններով Հայաստանի և Արցախի համար ծանրագույն իրավիճակ է ստեղծում։

«Իհարկե, մի լուսավոր օր Փաշինյանն այլևս իշխանության ղեկավար չի լինելու, բայց չէ՞ որ հաջորդ ղեկավարի համար շատ բարդ է լինելու, չէ՞ որ հաջորդ ղեկավարին ասելու են՝ իսկ ձեր նախորդը՝ Փաշինյանը, երկու տարի չի բանակցել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»,- ասաց Հայրապետյանը՝ պետականության պահպանման հարցում անհրաժեշտ համարելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչին կարող են հասնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

«Պատգամավորները վախեր ունեն, բայց չէ՞ որ Փաշինյանին կարող են հեռացնել, Փաշինյանն իրենց՝ ոչ։ Պատգամավորներն իրենց մանդատով ավելի ուժեղ են, քան Փաշինյանը»,- ասաց նախկինում «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս