Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Ուզբեկստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-22-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահականի պաշտոնական կայքը։
Այցի օրակարգում են ռազմավարական գործընկերության ուզբեկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման և բազմակողմ համագործակցության ընդլայնման հարցեր։
«Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, գործարար և տարածաշրջանային մակարդակով համագործակցության կապերի ամրապնդմանը, տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի խթանմանը, տրանսպորտի և տարանցման ոլորտում հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, շարունակական ակտիվ մշակութային և հումանիտար հարցերով համագործակցությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակի շուրջ, կքննարկեն բազմակողմ կառույցների շրջանակներում ինտենսիվ երկխոսության և փոխադարձ աջակցության զարգացմանը առնչվող հարցեր։
Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ՝ ուղղված արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում գործնական համագործակցության խորացմանը։