
Լը Պենը հայտարարել է, որ չի վերադառնա կուսակցության առաջնորդի պաշտոնին

Մարին Լը Պենը, որը մինչեւ 2022 թվականի նախագահական ընտրությունները գլխավորում էր «Ազգային միավորում» կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալու այդ պաշտոնին եւ իրեն կնվիրի կուսակցության խորհրդարանական խմբի կառավարմանը:
«Ես չեմ վերադառնա «Ազգային միավորման» առաջնորդի պաշտոնին: Ես կկենտրոնանամ նախագահական պարտականությունների վրա այդ շատ մեծ խմբում»,- հունիսի 20-ին ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում։
Այսպիսով, կուսակցության գլուխ կմնա 26-ամյա քաղաքական գործիչ Ժորդան Բարդելլան, որն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի աշնանը, երբ Լը Պենը հայտարարել էր իր լիազորությունները վայր դնելու մտադրության մասին նախագահական ընտրությունների ընտրարշավից առաջ: Նրա նշանակումը ժամանակավոր էր եւ նախատեսված էր մինչեւ սեպտեմբերի 10-ը:
Լը Պենը Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում) կգլխավորի 89 պատգամավորներից բաղկացած խումբը:
Դա կուսակցության համար ռեկորդային ցուցանիշ է. անցյալ գումարման Ազգային ժողովում այն ներկայացված էր սոսկ ութ պատգամավորներով: Իսկ այժմ կուսակցությունը դառնում է գլխավոր ընդդիմադիր ուժն աջ թեւում՝ առաջ անցնելով «Հանրապետականների» կուսակցությունից, որն ունի 67 տեղ:
Բացի դրանից, ինչպես ավելի վաղ հայտարարել է «Ազգային միավորումից» եվրապատգամավոր Տիերի Մարիվանին, ստացված ավելի քան 60 մանդատը կուսակցությանը թույլ կտան ինքնուրույն դիմել Սահմանադրական խորհուրդ երկրի հիմական օրենքին ընդունվող օրինագծերի դրույթների համապատասխանության գնահատման համար: Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը կայացել է հունիսի 19-ին:
Նախագահական «Միասի՛ն» դաշինքն ստացել է 577 տեղից 245-ը, սակայն դա բավական չէր բացարձակ մեծամասնություն ստանալու համար, որը կառավարող դաշինքն ուներ մինչեւ այս ընտրությունները: Թվաքանակով երկրորդը դարձել է ձախ ուժերի NUPES դաշինքը (131 տեղ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: