Բաժիններ՝

Առողջությանը պատճառվել էր ծանր վնաս. դանակահարության դեպքը բացահայտվել է

Հունիսի 17-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղամարդը հայտնեց, որ վնասվածքը ստացել է Երևանի Տիգրանյան փողոցում` փայտով հարված ստանալու հետևանքով: Տուժած երիտասարդի այս պնդումը, մեղմ ասած, հավատ չէր ներշնչում:

Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով Քանաքեռ-Զեյթունի գործընկերների հետ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացրին՝ պարզելով, որ ժամը 20.30-ին Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն էր եղել տուժածի և Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու միջև, որի ընթացքում էլ վերջինս դանակով խփել էր ոսկեհատցուն:
Բացատրական աշխատանքի շնորհիվ առավոտյան ժամը 6-ին դանակահարողը ներկայացել է բաժին, այնուհետև քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:
Առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանցագործության գործիքն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս