«FLYONE ARMENIA»-ն մեկնարկել է կանոնավոր թռիչքներ Երևան-Բեյրութ-Երևան երթուղով
«FLYONE ARMENIA» hայկական ավիաընկերությունը հունիսի 20-ից մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան – Բեյրութ – Երևան երթուղով: «FLYONE ARMENIA» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Մենք անհամբերությամբ սպասում էինք «FLYONE ARMENIA» ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»։