Ռուսաստանը չունի այնքան հրթիռ, որքան որ ապրելու կամք ունի մեր ժողովուրդը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել ուկրաինացիներին, որում ամփոփել է Նիկոլաևի և Օդեսայի շրջաններ կատարած այցի արդյունքները։ Նա նշել է, որ Ուկրաինան մտադիր չէ որևէ մեկին տալ իր երկրի հարավային հատվածը։
«Հարավը ոչ մեկին չենք տա, կվերադարձնենք այն ամենը, ինչ մերն է, իսկ ծովը կլինի ուկրաինական ու ապահով»,- ասել է Զելենսկին։
Ինչպես Նիկոլաևում, այնպես էլ Օդեսայում նա հանդիպումներ է անցկացրել զինվորականների հետ, բոլոր պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են այդ տարածքների պաշտպանության ապահովման համար։
«Լսել եմ ռուսական հարվածներից շրջանների ավերածությունների մասին զեկուցումները: Կորուստները զգալի են, ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, խաթարվել է քաղաքացիական նյութատեխնիկական ապահովումը, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Ես հանձնարարել եմ ավելի համակարգված օգնություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք կորցրել են հարազատներին: Եվ մենք անպայման կվերականգնենք այն ամենը, ինչ ոչնչացվել է: Ռուսաստանը չունի այնքան հրթիռ, որքան որ ապրելու կամք ունի մեր ժողովուրդը»,- ասել է Զելենսկին։