Համեստ անհատներ, իմաստուն թիմեր

Նախկինում մտածում էի, որ Հայաստանի կրթության համակարգի զարգացման համար անհրաժեշտ են ռազմավարություն, բարձրակարգ ծրագրեր։ Բայց տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ կրթության զարգացման նախապայմանը իրար հետ աշխատելու կարողությունն է։ Գիտնականների շրջանում կա կարծիք, որ, այլ կենդանիների համեմատ, մարդկությունը շատ ավելի մեծ զարգացում է ունեցել այն պատճառով, որ մարդիկ կարողանում են մեծ խմբերով համագործակցել։

Իսկապես, իրար հետ աշխատելը, համագործակցելը մեզ լուրջ հաջողություններ կբերի։ Բայց Հայաստանում համագործակցային մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է։ Մեր երկրում մարդիկ շատ պաշտպանողական են, անձնական են ընդունում ցանկացած քննադատություն։ Գուցե պատճառն այն է, որ պետականություն կամ ուժեղ պետություն չունենալու արդյունքում մարդիկ իրենք են «իրենց գլխի ճարը» տեսնում։ Ու քանի որ միասին աշխատելու հմտություններ չունենք, շարունակում ենք մտածել, որ գալու է մի հզոր անհատ ու փրկի Հայաստանի կրթական համակարգը։

Միշտ դժգոհ ենք իրարից, խոսում ենք իրար մասին, բայց ոչ իրար հետ։ Օրինակ՝ երբ ուսուցիչներն են միասին խոսում, բողոքում են կառավարիչներից։ Երբ կառավարիչներն են իրար հետ զրուցում, դժգոհում են տնօրեններից, ուսուցիչներից։ Իսկ երբ ազգովի ենք խոսում, դժգոհում ենք այլ պետություններից, որոնք մեզ չեն պաշտպանում։ Միշտ ուրիշներին մեղադրելով՝ արդարացնում ենք ինքներս մեզ, և ոչինչ չի փոխվում։ Երևի մարդը կարող է փոխել միայն ինքն իրեն։ Բայց մենք միշտ ձգտում ենք փոխել ուրիշներին, ոչ թե մեզ։

Համագործակցային մշակույթի բացակայության պատճառով, Հայաստանում անգամ տաղանդավոր մարդիկ չեն զարգանում։ Նայում ես՝ երիտասարդ, խոստումնալից, տաղանդավոր մարդ է։ Բայց մի քանի տարի հետո դառնում է մեծամիտ, ինքնասիրահարված մասնագետ, չի կարողանում համագործակցել խմբերում, անընդհատ ընդգծում է իր «ես»-ը։ Իրականում Հայաստանը զարգացնելու համար մեզ ոչ այնքան վառ անհատներ են պետք, որքան լավ թիմեր։ Բայց մենք թիմեր կառուցել էլ չգիտենք։ Երբ ինչ-որ մեկին հնարավորություն են տալիս թիմ ձևավորել, արտերկիր գործուղման մեկնողների ցանկ կազմել, առաջին հերթին թիմում ընդգրկում են «տնեցիներին», ընկերներին։ Ցավալին այն է, որ այդպես են վարվում նույնիսկ դրսերում կրթության ստացած, ժողովրդավարությունից, ազատությունից խոսող բազմաթիվ մարդիկ։ Այդ մարդիկ մեղադրում են հասարակ ժողովրդին «կոռումպացված, գավառական մտածողության մեջ», բայց երբ գործելու պահն է գալիս, ոչնչով չեն տարբերվում այն հասարակ ժողովրդից, որին պիտակավորում են։ Եվ երբ մարդիկ տեսնում են, որ իրենց ղեկավարները իրենց շրջապատում են յուրայիններով, մտերիմներով, ապա թիմային ոգին փլուզվում է։ Իհարկե, այն կարծիքին չեմ, որ մտերիմ մարդիկ չպետք է միասին աշխատեն։ Եթե պրոֆեսիոնալ են, խնդիր չկա։ Այս տարի աշխարհի լավագույն թիմ դարձած Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական կազմում ընդգրկված են հայր և որդի։ Թումոն ղեկավարում են ամուսիններ, որոնք երկուսն էլ բարձրակարգ պրոֆեսիոնալներ են։

Մեր կրթական համակարգի գլխավոր խնդիրը պիտի լինի համագործակցող, համեստ քաղաքացիներ ձևավորելը։ «Աքլորացող», «մեծամիտ» «փակ» մարդիկ վտանգավոր են մեր երկրի համար՝ նույնիսկ, եթե ամենագետ են։ Գիտելիքը մարդուն պետք է դարձնի ավելի համեստ, համագործակցող, բաց։ Շատ բան իմացող մարդը պետք է հասկանա, թե որքան շատ բան դեռ չգիտի, ու լինի ավելի համեստ։ Մեզ մոտ այդպես չէ։ Բավական է մի քանի հաջողություն, դրան հաջորդող շրջապատի՝ «դու լավագույնն ես» արձագանքը, և մարդը սկսում է մեծամտանալ։ Ցավոք, կրթության ոլորտում շարունակում են դոմինանտ մնալ քննությունները, թեստերը, շենքերի թեման, բայց գրեթե չկան քննարկումներ նմանատիպ արժեքային թեմաների վերաբերյալ։ Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի քաղաքացիներ ենք մենք ուզում դաստիարակել։ Իհարկե, կան հայտնի բառեր՝ ժողովրդավար, հայրենասեր և այլն։ Բայց դրանք բավարար չեն։ Պետք են ավելի կոնկրետ ձևակերպումներ, պետք է ճանապարհային քարտեզ։

Հայաստանում պետք է ստեղծվի մասնագիտական աշխատանքային խումբ, որում, բացի կրթության ոլորտի ներկայացուցիչներից, պետք է ներկայացված լինեն գիտնականները, մշակույթի գործիչները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները, պետական և հասարակական մարմինների ներկայացուցիչներ։ Այս խմբի նպատակը պիտի լինի ձևակերպել Հայաստանի կրթության ոլորտի արժեքային կողմնորոշիչները։

Կրթության նախարարությունը պետք է համախմբի մարդկանց և հնարավորություն տա միասին աշխատելու։ Միասին աշխատելու հարթակներ ստեղծելը պիտի լինի կրթական բարեփոխումների շարժիչ ուժը։ Երբ կառավարիչը, ուսուցիչը, դասախոսը, տնօրենը, արվեստագետը, գործարարը միասին սկսեն աշխատել, մենք կունենանք առաջընթաց։ Երբ ղեկավարները լսեն համակարգի մարդկանց, մենք կունենանք առաջընթաց։ Քանի՞ դեպք գիտեք, երբ ինչ-որ համաժողովում նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նստել ու լսել է ուսուցչի ելույթ։ Բացման խոսք ասելուց հետո պաշտոնյաները լքում են կոնֆերանսները, սեմինարները։ Ժամանակի անիմաստ կորուստ։ Դեպքեր գիտեմ, երբ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հասել է Դիլիջան՝ ընդամենը բացման խոսք ասելու համար։

Այսօր մենք ունենք եսակենտրոն անհատներ, թույլ թիմեր։ Բայց մեզ պետք են համեստ անհատներ, իմաստուն թիմեր։

Տեսանյութեր

Լրահոս