Նոյեմբերի 9-ի փաստաթղթից չեղարկելու բան չի մնացել. ավելին է տվել, քան պիտի տար. Արտակ Զաքարյան
Այսօր Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ Պաշտպանության նախկին փախնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ հանրությունը հաճախ է իրենց հարցնում, թե ինչ է փոխվելու, որ փորձում են հեռացնել գործող կառավարությանը։
Հարցի պատասխանն առավել քան հստակ է՝ Հայաստանն ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը չի ունեցել վերջին 4 տարիների ընթացքում։
«Բոլորդ գիտեք, թե որքան կարևոր է արտաքին քաղաքականությունը մեր երկրի համար, ճշգրիտ, հավասարակշռված, նպատակային քաղաքականությունը մեր անվտանգության, հաստատուն խաղաղության, կայունության, բարօրության և մեր ժողովրդի բոլոր իրավունքների իրացման գլխավոր երաշխավորն է։ Մեր պայքարի հաջողությունն անխուսափելի է, և դրա արդյունքում նոր իշխանությունները՝ ձեր կողմից ստեղծված, նոր որակ, ինքնություն, ճկուն միտք, համառ ջանքեր և աշխարհի համար հասկանալի իմաստ են դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ հապաղել չի կարելի և հաճախ իշխանության ներկայացուցիչներն իրենց հարցնում են, թե արդյո՞ք չեղարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները։ Այս ամենը, ըստ նրա, ցինիկ ու զավեշտալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանն ավելին է հանձնել, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով պահանջել է Ադրբեջանը։
«Նոյեմբերի 9-ից հետո նա հանձնել է շուրջ 240 քկմ տարածք բուն Արցախից և ավելի քան 300 քկմ Հայաստանի հարավային սահմանամերձ գոտիներից»,- շեշտեց Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ ճշգրիտ և նպատակային արտաքին քաղաքականությունը ՀՀ անվտանգության, խաղաղության, կայունության, ազգային արժանապատվության և մեր ժողովրդի իրավունքների իրացման գլխավոր երաշխավորներից մեկն է: Ա․ Զաքարյանը նշեց, որ հաջորդ կառավարության համար առաջնային խնդիր է լինելու նախ և առաջ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը պետք է համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և տա Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքների պատասխանները:
Նրա դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմի արդյունքները չեն կարող փոխել Արցախյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափն ու Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու հարցը: Այն պետք է շարունակվի Մինսկի խմբի ներքո, բանակցության հիմք հանդիսացող միջազգային սկզբունքների հիման վրա՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ա․ Զաքարյանը հայտարարեց, որ հաջորդ կառավարությունը շահագրգիռ և աներկբա է լինելու Հնդկաստանի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, ինչպես նաև Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և համագործակցային նոր հարաբերությունների հաստատման գործում:
Ըստ նրա՝ մենք պարտավոր ենք արտաքին քաղաքականության մեջ լինել ակտիվ, գործնական և կառուցողական՝ համադրելով բոլոր հնարավոր շահերն ու փոխադարձ հետաքրքրությունները: Մեր բարեկամ երկրների հետ պետք է լինենք մաքսիմալ բաց, անկեղծ, հասկանալի և վստահելի՝ հենվելով փոխադարձ շահերի հարգանքի և համագործակցության առողջ մթնոլորտի վրա:
«Արտաքին քաղաքականությամբ մենք շատ արագ շտկելու ենք նաև մեր երկրի ու ժողովրդի միջազգային խաթարված հեղինակությունը, որն արժանապատիվ ու ապահով ապրելու կարևորագույն պայմաններից մեկն է»,– հայտարարեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում