Բաժիններ՝

Ոչ ոքի չեն ծանուցում, որ ԱՊՊԱ-ն վերջացել է, դրա համար էլ շատերը մոռանում են ու տուգանվում. առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կլուծի՞ հարցը

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի։ Նման օրենսդրական առաջարկով են հանդես եկել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ 100 հազար դրամ տուգանք նշանակելու դեպքում անձն ազատվում է այդ տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն՝ եթե անձը արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է, կվճարի 25.000 դրամ տուգանք»:

Օրենսդրական փոփոխության համահեղինակը վստահ է՝ այս կերպ կավելանա պայմանագիր կնքողների թիվը, քանի որ տուգանքի փոխարեն՝ քաղաքացին գումարը կուղղի ԱՊՊԱ-ին:

Վարորդները, սակայն, կարծում են, որ 25.000 դրամը շատ է, ավելին, հորդորում են ուշադրություն դարձնել մի շարք բացթողումների վրա:

«Մարդը երկրում չի, համարները չի հանձնել, ավտոն կանգնած տեղը տուգանք է տալիս, որ ի՞նչ»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդ Արմեն Եսայանը՝ հավելելով, որ, երբ ԱՊՊԱ-ն լրանում է, 10 օրը մեկ 5000 դրամ տուգանք է գալիս:

Հայկ Գևորգյանն էլ առաջարկում է լուծել ԱՊՊԱ պայմանագիր կնքելն ուշացնելու համար տուգանքի հարցը. «Հարկադիրով քաշեցին գումարը, բայց մի տեսակ չզգացի այդ տուգանքի ուղղիչ ազդեցությունը: Ի դեպ, ոչ ոքի չեն ծանուցում, որ ԱՊՊԱ-ն վերջացել է, դրա համար էլ շատերը մոռանում են ու տուգանվում»:

Հավելենք, որ 2011 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենան շահագործելու համար պետք է ունենալ պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (ԱՊՊԱ պայմանագիր):

ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցների համար, այդ թվում` մարդատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, բեռնատարներ, մոտոցիկլետներ, քարշակներ:

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող տրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս