«Տղե՛րք, ճամփա մի՛ փակեք, դրանով դուրս եք գալիս Կառավարության դեմ»․ Տավրոս Սափեյանը Արագածավանի խանութում հանդիպել է խոշորացումից դժգոհող ՔՊ ակտիվի հետ

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում սեպտեմբերի 25-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններից առաջ կրքերը շարունակում են լարված մնալ։ Արագածավանի բնակիչները, որ դեմ են արդեն իսկ խոշորացված համայնքը նորից խոշորացնելուն և Թալին խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն, 168.am-ի հետ զրույցում ամիսներ շարունակ ահազանգում էին՝ ճանապարհներն ու երկաթգիծը փակելու են։

168.am-ի Թալին խոշորացված համայնքի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրն ուշագրավ տեղեկություն փոխանցեց։ Թալինի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապագա համայնքապետ Տավրոս Սափեյանը տեղեկացել է, որ Արագածավանում խոշորացման ծրագրին դեմ լինելու պատճառներից մեկն էլ պայմանավորված է իր անձով, և, որ ամենակարևորն է, Արագածավանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվն է այդ մասին բարձրաձայնում։ Մեր զրուցակիցը փոխանցեց, որ Տավրոսը վերջերս անձամբ է գնացել Արագածավան, հանդիպել ՔՊ-ական երիտասարդների հետ․

«Հանդիպման մասին 1 օր առաջ են տեղեկացրել Արագածավանի ՔՊ-ական ակտիվին։ Քանի որ Արագածավանում նորմալ ՔՊ գրասենյակ էլ չկա, ուստի Տավրոսի և արագածավանցի ՔՊ-ական երիտասարդների հանդիպումը տեղի է ունեցել գյուղի խանութում։ Տավրոսը փորձել է ամեն ձև համոզել, ապացուցել, որ խոշորացումը շատ լավ ծրագիր է, խոշորացումից անմիջապես հետո բազմաթիվ ծրագրեր են իրականացվելու Արագածավանում, որ գյուղապետարանի աշխատողների հաստիքներ չեն կրճատվելու, ընդհակառակը՝ ավելանալու են։ Ոնց որ Թալինում է հաճախ ասում, նույնն  էլ Արագածավանում է  ասել՝ լինելու է Թալինի համայնքապետարանի մասնաճյուղը Արագածավանում՝ ավելի շատ աշխատակիցներով»։

Մեր զրուցակիցն ասաց, որ ճիշտ է, հանդիպումը լարված մթնոլորտում չի անցել, բայց ոչ էլ հաճելի էր։ ՔՊ-ական երիտասարդներն ասել են, որ չեն վստահում ժամանակավոր պաշտոնակատարին, քանի որ մասնավորապես Թալինում մինչ օրս բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ «նախկիններ», դեռ պաշտոնավարում են, համայնքում բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ կան։ Կոռուպցիայի մասին պնդումին էլ Տավրոս Սափեյանը, ըստ մեր զրուցակցի, այսպես է պատասխանել․

«Ասել է՝ «մեկը թալանով զբաղվի՝ թաթիկը կկտրեմ», ու քֆուր է կերել․․․»։

168.am-ը կապ հաստատեց նաև Արագածավանի ՔՊ-ական ակտիվից մի քանիսի հետ, պարզելու, թե արդյոք իրենք հանդիպե՞լ են Տավրոս Սափեյանի հետ, եթե այո, ի՞նչ վերջնարդյունքի են հանգել․

«Անձամբ ես ներկա չեմ եղել հանդիպմանը, բայց մեր տղերքից մի 10 հոգի գնացել են։ Իրիկունը, որ դաշտից եկանք, գյուղամեջ տղերքին տեսանք, ասեցին՝ ոչ մի իտոգի էլ չեն եկել։ Ավելի շատ Տավրոսը եկել էր մարդկանց ռեակցիաները ստուգեր, կոպիտ նաև, ինչ-որ ասել է՝ առաջիկայում էլի կգամ։ Տղերքն էլ, որ ասել են՝ ժողովուրդը չի ուզում, եթե մենք էլ ձեն չհանենք, մեկ ա, իրենք ճամփա կփակեն, ասել է՝ տղերք, տենց բան մի արեք, դրանով դուրս եք գալիս Կառավարության դեմ․․․»։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվել էր ընդամենը 6 ամիս առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։ Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը», կոալիցիա էին կազմել։

Տավրոս Սափեյանը 11 կողմ ձայներով ընտրվել էր համայնքապետ, սակայն ընդդիմադիր մյուս 3 ուժերը կոալիցիա էին կազմել և բոյկոտել ավագանու նիստերը: Դրա հետևանքով 3 ամսից ավելի նիստեր չէին գումարվել, որի հիմքով էլ ավագանին ցրվել էր:

Արդեն 2022 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Թալին խոշորացված համայնքում հերթական ՏԻՄ ընտրությունը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։

Տեսանյութեր

Լրահոս