«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ծառայությունները վաճառում են բարձր գնով. «Խաղաղության պայմանագիրը» կլինի երկրորդ պարտության պայմանագիրը». Արթուր Խաչիկյան

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ այս փուլում, երբ Ռուսաստանի ուշադրությունն ուղղված է Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, Թուրքիան և Ադրբեջանն առիթն օգտագործում են Հայաստանից ավելին ստանալու և Արցախի հարցում իրենց մտադրություններն առաջ տանելու ու ամրապնդելու համար։

«Հարավային Կովկասում այժմ բոլոր հարցերը լուծում են Ռուսաստանը և Թուրքիան։ Ամբողջ աշխարհի ուշադրությունն այսօր ուղղված է Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, որը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար բավականին ծանր պատերազմ է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ այս փուլում Ռուսաստանը չի ցանկանում որևէ փոփոխություն տարածաշրջանում, առավել ևս, նոր պատերազմ։ ՌԴ-ն դեռևս չի ցանկանում, որ այս ընթացքում բարձրացվի Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, քանի որ այդ ամենը կարող է բերել նոր պատերազմի, իսկ նոր ուժ չունի տարածաշրջանին տրամադրելու համար։ ՌԴ-ն ցանկանում է, որ այդ վիճակն առայժմ մնա սառեցված վիճակում՝ երկուստեք չի թույլատրում գնալ էսկալացիայի»,- 168.amի հետ զրույցում ասաց Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններին։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից Ադրբեջանն օգտվելով՝ հայտարարում է, որ «Արցախ չկա, Արցախի հարց գոյություն չունի, իրենք լուծել են»։ Հայաստանն էլ՝ իր դիվանագիտական պարտությունից ու սխալներից հետո, այլևս ձայն չունի։

«Փաստորեն, մենք կորցրեցինք մեր դիվանագիտական անկախությունը՝ կախվելով Ռուսաստանի կամքից։ Եթե Ռուսաստանը ցանկանա՝ կօգնի Հայաստանին։ Այս ամենը եղավ այն պատճառով, որ իշխանության հայտնվեցին անկիրթ ու անփորձ մարդիկ, որոնք առհասարակ չէին հասկանում, թե ինչպես է աշխատում միջազգային համակարգը, և հույս ունեին, որ «դեմոկրատական հեղափոխությունից» հետո կարող են նոր ձևով խոսել Ռուսաստանի հետ, հրաժարվել նրա ներկայությունից, որի դեպքում Հաայստանին օգնության կարող է հասնել Արևմուտքը։ Ինչպես պատմության ողջ ընթացքում, այս անգամ էլ մենք ևս մեկ անգամ պատժվեցինք, բայց այդ միամիտ, արևմտամետ ու «դեմոկրատական» կարծիքների հետևանքն էր սա։ Կրկնում եմ՝ այս փուլում առհասարակ Ռուսաստանը չի ցանկանում, որ այս տարածաշրջանում նոր պատերազմ լինի, քանի որ նրա ամբողջ ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի պատերազմի վրա։ Այդ պատերազմը, ցավոք, կարող է երկար տևել, ինչն էլ նշանակում է, որ մեզանում ստեղծված իրավիճակն էլ դրա հետ կարող է երկար տևել։ Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն, որ Ռուսաստանը կարիք ունի դաշնակիցների, և իրենց ծառայությունները վաճառում են բարձր գնով»,- նշեց Արթուր Խաչիկյանը։

«Խաղաղության պայմանագրի» շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև ընթացող քննարկում-բանակցությունների մասին էլ մեր զրուցակիցը նկատեց, որ թե այդ, և թե սահմանազատման ու սահմանագծման հարցում ադրբեջանական կողմը ցուցաբերում է շտապողականություն, իսկ հայկական կողմը՝ թույլի պահվածք։

«Հայկական կողմն իրեն պահում է՝ որպես թույլ երկիր, որն աղերսում է խաղաղություն, ինչը սխալ ուղերձներ է իր մեջ պարունակում։ Մենք այժմ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հնարավորինս հետաձգենք նման պայմանագրի ստորագրումը, որովհետև դա կլինի երկրորդ պարտության պայմանագիրը, քանի որ Ադրբեջանն այսօր Հայաստանից ամեն ինչ է պահանջում։ Հնարավորինս պետք է հետաձգենք այդ քայլին գնալը՝ ուժերը և դիվանագիտությունը վերականգնելու համար»,- հավելեց միջազգայնագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հայկական կողմի դիվանգիտությունը չի կարող կոմպետենտ լինել, քանի որ կադրային առումով իրավիճակը շատ տխուր է։

Իսկ ստեղծված իրավիճակում հայկական կողմն ինչ քայլեր պետք է ձեռնարկի, Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ միակ տարբերակն աստիճանաբար ուժերի, բանակի և միջազգային հեղինակության վերականգնումն է։ Գիտակցելը, որ Արևմուտքի վրա հույս դնել պետք չէ, և այդ միամիտ հույսերին վերջ դնելով՝ իրականում հստակ քայլեր անել։

«Հստակ քայլեր ու դիվանագիտություն իրականացնելու համար անհրաժեշտ է կոմպետենտ ու փորձառու ղեկավարություն»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս