
Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներ կանվանակոչեն հայտնի կոմպոզիտորների անուններով

Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, քննարկվելու է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներ հայտնի կոմպոզիտորների անուններով անվանակոչելու հարցը:
Որոշման նախագծով նախատեսված է Վերին Անտառային փողոցի հ.120 հասցեից մինչև Լեոնիդ Ազգալդյան փողոց ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի անվամբ, Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվամբ, Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցեից մինչև հ.174/10 հասցե ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ, Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.128/2 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի անվամբ, Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Գոհար Գասպարյան փողոց ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի անվամբ:
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցը կանվանափոխվի ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի անվամբ՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց»։