Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հավանություն է տվել գաղտնի նյութերի տարածմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնմանը, հայտնում է Reuters-ը։
«Հունիսի 17-ին և՛ Մագիստրական դատարանի, և՛ Գերագույն դատարանի կողմից քննարկումից հետո որոշում է կայացվել պարոն Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին: Պարոն Ասանժն ունի բողոքարկման 14-օրյա իրավունք»,- ասել է երկրի ՆԳՆ-ն։
Հրատարակությունը բացատրում է, որ Ասանժը կարող է բողոքարկել Լոնդոնի Գերագույն դատարան կամ փորձել իր գործը հասցնել Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան: Սակայն, եթե բողոքարկումը մերժվի, Ասանժը պետք է արտահանձնվի 28 օրվա ընթացքում։
ԱՄՆ իշխանությունները փորձում են հասնել նրա արտահանձնմանը 2019 թվականին Ասանժի կալանավորումից ի վեր։ Ասանժին ներկայացվել է 18 քրեական մեղադրանք, որոնց համար նրան սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ Դրանք կապված են WikiLeaks-ի կողմից ԱՄՆ կառավարության տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ, ներառյալ դիվանագիտական նամակագրությունը և երրորդ երկրներում ԱՄՆ բանակի հանցագործությունների մասին տեղեկություններ:
50-ամյա Ասանժը 2019 թվականի ապրիլից գտնվում է Լոնդոնի Բելմարշ բանտում, որտեղ նրան ուղարկել են 2012 թվականին դատարան չներկայանալուց հետո: Այդ ժամանակ Շվեդիայում Ասանժի նկատմամբ սեռական բռնության մեղադրանք էր առաջադրվել։ Գործը հետագայում փակվել է։ Ասանժը կալանավորվել է Մեծ Բրիտանիայում, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Բրիտանական իշխանությունները պետք է որոշեին նրա արտահանձնման հարցը, սակայն Ասանժը ապաստան է գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել։