Զելենսկին ողջունել է Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը Ուկրաինայի ԵՄ անդամակցման մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական խորհրդին տրված դրական եզրակացությունը Եվրոպական միությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զելենսկին այդ կապակցությամբ շնորհակալություն է հանձնել անձամբ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և նշել, որ Եվրահանձնաժողովի որոշումը առաջին քայլն է դեպի ԵՄ անդամակցում:
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հաշված օրեր անց՝ 2022 թ. փետրվարի 28-ին, երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ:
Ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն էր փոխանցել հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ քայլ է պետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար: Ֆոն դեր Լեյենը խոստացել էր, որ Ուկրաինայի անդամակցման գործընթացը շատ ավելի կարճ կտևի, քան այլ թեկնածուների դեպքում է լինում: Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալն էլ իր հերթին հայտարարել էր, թե ուկրաինական կողմն ակնկալում է որ արդեն հունիսին Ուկրաինան ԵՄ անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա:
Հունիսի 16-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիևում հայտարարել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն: Հունիսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հարցը, ասել է, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի անդամակցմանը ԵՄ-ին, քանի որ Եվրամիությունը ռազմական կազմակերպություն չէ: