Բաժիններ՝

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և նրա սիրիական թևին (YPG) օժանդակելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ահաբեկիչներին տրամադրված քաղաքական և ֆինանսական աջակցությունը (YPG-ն PKK-ի սիրիական թևն է համարվում.-խմբ.), ինչպես նաև զենքի մատակարարումը զինյալներին, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, այս սկանդինավյան երկրները վերածել են իրական սպառնալիքի ՆԱՏՕ-ի համար նույնպես»,- հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում։

Աքարն ընդգծել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատժամիջոցների կիրառման անթույլատրելիությունը։

«Նման սահմանափակումները վնասում են ՆԱՏՕ-ին որպես ամբողջություն՝ հակադրվելով ռազմաքաղաքական բլոկի շրջանակում դաշինքի ոգուն։ Թուրքիան Դաշինքի շրջանակում բոլոր պարտավորությունները կատարում է 70 տարի և կշարունակի կատարել։ Միաժամանակ մենք պաշտպանում ենք մեր սեփական ազգային շահերը»,- ասել է Աքարը։

Թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան երբեք դեմ չի եղել Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը` միանգամայն իրավացիորեն ակնկալելով հարգանք դաշնակիցներից և հաշվի առնելով Թուրքիայի շահերը։

«ՆԱՏՕ-ն անվտանգության կառույց է, որի ջանքերի կարևոր ուղղություններից է ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարը։ Դա պահանջում են դաշինքի սկզբունքներն ու գաղափարները։ Թուրքիան միակ երկիրն է, որը պայքարում է միանգամից մի քանի ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Մեր երկիրը պատնեշ է դեպի Եվրոպա ահաբեկչության ճանապարհին: Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ մեր պայքարը նաև հնարավորություն է տալիս կանխել գրոհայինների ներթափանցումը եվրոպական երկրներ»,- ասել է Աքարը։

Նա սպառնալիք է անվանել Հելսինկիի և Ստոկհոլմի վերաբերմունքը ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ։

«Անտեսելով ահաբեկիչներին, ովքեր սպանում են ՆԱՏՕ-ի դաշնակցի քաղաքացիներին, դուք հակասում եք բարեկամության սկզբունքներին և ընդհանուր ռազմաքաղաքական բլոկի ոգուն։ Թուրքիայի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնող ահաբեկիչների մի մասը հետագայում փախել է սկանդինավյան երկրներ՝ այնտեղ ապաստան ստանալով։ Սա ակնհայտորեն անընդունելի քայլ է։ Կարո՞ղ է լինել նման դաշինք»,- ասել է Աքարը։

Նա հիշեցրել է, որ թուրքական բանակը հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ առգրավել է շվեդական արտադրության AT-4 հակատանկային նռնականետեր։

«Մենք բանակցությունների ընթացքում ցույց տվեցինք AT-4-ի նկարները և սերիական համարները»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս