ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական պատասխան տա ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի զարգացմանը. Հարավային Կորեայի նախագահ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է վճռական եւ միասնական պատասխան տա Փենյանի գործողություններին հրթիռամիջուկային մշակումների բնագավառում: Այդ մասին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ զրույցի ընթացքում, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Եթե Անվտանգության խորհուրդը վճռական եւ միասնական պատասխան չտա, ապա դա կարող է սխալ ազդակ դառնալ այն բանի մասին, որ նա հանդուրժողաբար է վերաբերվում Հյուսիսային Կորեայի հրթիռային մշակումներին»,-գործակալությունը մեջբերում է Կորեայի Հանրապետության նախագահի խոսքը՝ վկայակոչելով նրա վարչակազմի ներկայացուցչին:
Պաշտոնյայի խոսքով՝ Հարավային Կորեայի ղեկավարը զրույցում հայտարարել է, որ «հյուսիսկորեական սադրանքները լուրջ սպառնալիք են ներկայացնում Կորեական թերակղզու խաղաղության ու միջազգային հանրակցության համար»: Անցած ամսին ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել ԱՄՆ-ի առաջարկություններն այն բանաձեւի նախագծին, որը միտված էր պատժամիջոցների խստացմանը Հյուսիսային Կորեայի նկատմամբ բալիստիկ հրթիռների արձակման պատճառով: Բանաձեւին դեմ են քվերակել Չինաստանը եւ Ռուսաստանը, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեն: Մյուս երկրները «կողմ» են քվեարկել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: