«Բանակցությունների ընթացքում մենք կարող ենք քննարկել մի շարք տարբերակներ, բայց իմ նշածի շրջանակներում». Գագիկ Բաղունց

Հունիսի 15-ին ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոսել էր Արցախի հիմնախնդրի մասին՝ հերթական անգամ հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։

Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է նաև 2010 թվականին ընդունած «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

«Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի մեզ համար լուծում համարվի։ Սա է իրականում այսօրվա հիմնական ասելիքը»,-  Պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու համար հատկացված ժամին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության առնչությամբ հստակ պնդեց՝ Արցախի, արցախահայության տեսակետը մեկն է՝ ցանկացած կարգավիճակով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Մենք բազմիցս պաշտոնական հայտարարություններով, առանձին հարցազրույցներով ասել ենք, որ չենք ընդունում և չենք պատկերացնում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում։ Այնպես որ, արցախահայության այդ նշված իրավունքների, ազատությունների ապահովումը մենք տեսնում ենք միայն Արցախի Հանրապետությունում»,- նշեց Գագիկ Բաղունցը։

Նա ընդգծեց, որ այս տեսակետը կիսում են Արցախի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և թե՛ արտախորհրդարանական ուժերը։

Գագիկ Բաղունցը նաև շեշտեց, որ Արցախի հարցում ունեն «կարմիր գիծ», որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ դեպքում չեն կարող արցախահայության իրավունքներն ու շահերը պաշտպանել, իսկ ամենագլխավորն էլ այն է, որ չեն կարողանալու ապահովել արցախահայության անվտանգությունը։

«Այնպես որ, այդ հարցում մեր դիրքորոշումը միանշանակ է՝ բոլոր քաղաքական ուժերինը միասին։ Բանակցությունների ընթացքում մենք կարող ենք քննարկել մի շարք տարբերակներ, բայց իմ նշածի շրջանակներում»,- եզրափակեց Գագիկ Բաղունցը։

Տեսանյութեր

Լրահոս