
«Սիրտ է, ոչ թե քարտեզ». Անդրեա Վիկտորինն անդրադարձել է ՀՀ կիսատ քարտեզով պայուսակի սկանդալին

Հունիսի 15-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի Սյունիք կատարած այցի ընթացքում հրապարակված պաշտոնական լուսանկարը լայնորեն քննադատվեց հայկական մամուլում ու համացանցում:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համացանցային պաշտոնական էջերում հրապարակվել էր մի լուսանկար, որում դեսպան Վիկտորինի ձեռքին կտորե պայուսակ էր, որի վրա պատկերված էին Հայաստանի ու ԵՄ դրոշները: Քննադատությունների տեղիք էր տվել հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ քարտեզին կից չկար Արցախի քարտեզը, ինչպես նաև, ըստ շատերի, Սյունիքի մարզի քարտեզը ևս կիսատ էր՝ հատկապես Մեղրիի հատվածում: Բնականաբար, վերլուծաբաններն ու օգտատերերը համարում են, որ սա ՀՀ այն քարտեզն է, որը ցանկանում է ԵՄ-ն տեսնել, և պատահական չէ, որ դեսպանը նման քարտեզով պայուսակ է պահում իր ձեռքին:
Եվ այս քննադատություններին ի պատասխան՝ թվիթերյան իր միկրոբլոգի էջում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը գրել է. «Ցավալի է, որ վիրավորում եք ջերմ սիրտ ունեցող, համարձակ և ակտիվ մեղրեցի կնոջը, որը շատ բան է անում տեղի մարդկանց համար և պայուսակն ինձ տվել է, որպես նվեր։ Դա սիրտ է, ոչ թե քարտեզ»։