ԿԳՄՍ նախարարը շարունակեց «պստիկ պապան գնաց բանակ…» երգը՝ խոսելով «վաստակավոր» և «ժողովրդական արտիստի» կոչումների չեղարկման մասին
Այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան, թե ում տալ, ում չտալ, ավելորդ դասակարգումներ են։ Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոսելով «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները վերացնելու նախագծի մասին։
«Այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան՝ ո՞ւմ տալ, ո՞վ է ժողովրդական, ո՞վ վաստակավոր: Այն կոչումները, որոնք պահպանել ենք, գիտության ու արվեստի, մշակույթի վաստակավոր գործիչ կոչումներն են: Դրանք տարբեր բաներ են: Ես կարծում եմ, որ մշակույթի գործիչներն իրենց գնահատականը պետք է ստանան տարբեր մշակութային համերգների, փառատոնների և մրցույթների մասնակցելու ժամանակ»,- ըստ tert.am-ի՝ նշեց նախարարը:
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, օրինակ, «պստիկ պապան գնաց բանակ…» երգը երգող երգչից վաստակավորի կոչումը հետ վերցվի, նախարարն արձագանքեց՝ շարունակելով երգը։ «Հետը տարավ մի սուր դանակը…: Չարժի այդպիսի բաների վրա ժամանակ ծախսել: Վկայականը գրքույկով չի որոշվում՝ դու ժողովրդակա՞ն ես, թե՞ վաստակավոր»: