«Տենց բան տեղի չի ունեցել ընդհանրապես»․ Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ 2020 թվականին Շուռնուխից, Որոտանից տարածքներ զիջելու մասին

«Չեմ հիշում նման բան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզից տարածքներ զիջվեցին Ադրբեջանին, ասաց Կադաստի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ Շուռնուխից, Որոտանից տարածքներ զիջելու մասին տեղեկություն չունե՞ք, Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանեց․

«Արդեն պատասխանեցի, չեմ հիշում նման բան․․․»։

Այս ընթացքում դուք առողջական խնդիրներ եք ունեցե՞լ, պարոն Թովմասյան, լրագրողը հարցրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարին․

«Ընդհանրապես, որովհետև նման բաներ ես չեմ հիշում ինչ առումով, որ տենց բան տեղի չի ունեցել ընդհանրապես»։

Լրագրողը շարունակեց տեղեկություն փոխանցել պաշտոնյային, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտից հետո հայտարարեց, որ Շուռնուխի մի մասը, Որոտանից մի կտոր և Սյունիքից բարձունքներ զիջվեցին թշնամուն, որովհետև Ալիևի հետ ուներ բանավոր փոխըմբռնում, ինչին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց․

«Ե՞վ։ Եկեք ես ձեր հարցին այսպես պատասխանեմ։ Ես որպես մասնագետ՝ ուղղակի խորհուրդ կտամ մեզ բոլորիս փորձել մնալ այն դաշտում, որը հետագայում որևէ խնդիր չի առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։ Այս հարցերն այն քննարկման հարցերը չեն, կա վարչապետի հրամանով ստեղծված հանձնաժողով։ Իմ 2 տեղակալներն այդ հանձնաժողովում են, այդ հանձնաժողովն իր աշխատանքները տանում է, մասնագետներն աշխատում են, և յուրաքանչյուր կառույց, այդ թվում և՝ Կադաստրի կոմիտեն, անում է այն աշխատանքը, որն իր լիազորությունների շրջանակում է գտնվում»։

Ճշտող մեկ այլ  հարցին՝ արդյոք ձեր ձեռքի տակ ունե՞ք Հայաստանի Հանրապետության ամբողջական քարտեզը, և ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, Թովմասյանը սպառիչ պատասխան չտվեց․

«Որպես Կադաստրի պետ՝ ես ձեզ ասում եմ, որ մենք ունենք ամբողջ Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզները։ Հաջորդ հարցը, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չի, այլ իրավական հարցերի շրջանակում է։ Ցանկացած խնդիր, որը  պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի հիման վրա։ Որ քարտեզները կորոշվեն, որ իրավական հիմքերն այդ քարտեզներն են, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ։ Որպես այդ կառույցի ղեկավար՝ սրանից դուրս ես այլևս որևէ բացատրություն չեմ կարող ձեզ տալ․․․»։

Հիշեցնենք նաև՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, բայց հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, բոլորից գաղտնի, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Արդեն դեկտեմբերի թշնամին տեղակայվեց նաև Սյունիքի մարզի Շուռոնուխ և Որոտան գյուղերում և մինչ օրս շարունակում է այնտեղ մնալ։

Տեսանյութեր

Լրահոս