«Մեր բնակչության բնական նվազումը հունվար-ապրիլին կազմել է -35 մարդ, մինչդեռ 2021 թ. հունվար-ապրիլյան նախագնահատված ցուցանիշը -127 էր, իսկ 2020 թ․` +645». Միքայել Մալխասյան
Հունիսի 6-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել էր այս տարվա հունվար-ապրիլի ժողովրդագրական ցուցանիշները։
168.am-ի հետ զրույցում պատմական ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը խոսելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից, ժողովրդագրական ներկայիս իրավիճակից, ընդգծեց, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրության համաձայն՝ հունվար-ապրիլին գրանցվել է 10665 ծնունդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7,3%-ով պակաս, 2020 թվականի համեմատ՝ 4,8%-ով ավելի, և 10700 մահ՝ -7,3%, սակայն 2020 թվականի համեմատ՝ +12,2%։
«Ծնելիության գործակիցը կազմել է 11, իսկ մահացությանը` նույնպես 11։ Մահվան դեպքերի 6.3%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում` նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ վիրուսը 59.5%-ով ավելի քիչ կյանք է խլել։ Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 674 պաշտոնական դեպքերի` համավարակի մեկնարկային 2020 թ. հունվար-ապրիլի նկատմամբ մահացության աճը կազմում է 493 մարդ կամ 5.17%։ Հակառեկորդային է շարունակում մնալ փետրվարին մահացածների թվաքանակի ցուցանիշը` 3239 մարդ՝ 30,6%-ով ավելին, քան նախահամավարակային 2019 թ. փետրվարին, և միայն այդ ամիս բնակչության բնական նվազումը կազմել է -763»,- նշեց Միքայել Մալխասյանը։
Նրա խոսքով՝ բացի COVID-19-ի հետևանքներից` 16,3%-ով ավելացել են վարակիչ և մակաբուծային, 2,1%-ով` արյան շրջանառության համակարգի, 17%-ով` շնչառական օրգանների հիվանդություններից հարուցված մահվան դեպքերը։
2021 թ. նկատմամբ 20,7%-ով նվազել է մեռելածինների թիվը, սակայն 2020 թ. համեմատ աճել է 0,8%-ով։
«Մեր բնակչության բնական նվազումը հունվար-ապրիլին կազմել է -35 մարդ, մինչդեռ 2021 թ. հունվար-ապրիլյան նախագնահատված ցուցանիշը -127 էր, իսկ 2020 թ․` +645։
Համավարակի մեկնարկային և նախապատերազմական՝ 2020 թ. հունվար-ապրիլի համեմատ 41%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն միաժամանակ 41,7%-ով էլ աճել են ամուսնալուծությունների դեպքերը։ 2021 թ. հունվար-ապրիլի համեմատ 5,6%-ով նվազել են ամուսնությունները, և 15%-ով էլ աճել են ամուսնալուծությունները։ 3,5 տոկոս ամուսնության հաշվով գրանցվել է 1 ամուսնալուծության դեպք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Շարունակելով կոմիտեի ներկայացրած ցուցանիշները մանրամասն ներկայացնել, Միքայել Մալխասյանը նաև նշեց, որ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը -6055 է, այդ թվում` ՀՀ փաստաթղթերով` -21299, իսկ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի փաստաթղթերով` համապատասխանաբար +10753 և +520։ Դրական է հաշվեկշիռը նաև Վրաստանի՝ +4069, Բելառուսի՝+504, Հնդկաստանի՝+377, ԱՄՆ-ի՝ +57, Ֆրանսիայի՝ +350, Թուրքիայի՝ +136 և մի շարք այլ երկրների պարագայում։
«Չնայած, Ռուսաստանի Դաշնության հետ ուղևորաշրջանառության հաշվեկշիռը Հայաստանի համար դրական է կազմել, սակայն նայելով վիճակագրության մեջ ՀՀ փաստաթղթերով մուտքերի և ելքերի հաշվեկշռին, ակնհայտ է դառնում, որ շարունակվում է Հայաստանից աշխատանքային միգրացիան ՌԴ, թեև ստեղծված սանկցիաներին և այլ դժվարությունների։
Այսինքն՝ այս երևույթը շարունակվում է, թեև դժվար է հստակ ծավալները գնահատել այս պահին։
Նույն օրը հրապարակվել է նաև ՀՀ մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ` 2011 թ. մարդահամարի տվյալների հաշվարկային հիմքով։ Ըստ այդմ` ՀՀ մշտական բնակչությունը 2.9616 մլն է, որից քաղաքային` 1.8914 մլն, այդ թվում՝ Երևանում` 1.0932 մլն, գյուղական` 1.0702 մլն։ Մշտական բնակչության մեջ նշվում են նաև ժամանակավոր բացակայողները»,- եզրափակեց Միքայել Մալխասյանը։