«Այլ պաշտոն զբաղեցնելու որևէ առաջարկ չեմ ստացել». Արամ Թանանյան
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդ Արամ Թանանյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշման նախագիծը, որն ընդունված կարգի համաձայն՝ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված մյուս հարցերի հետ միաձայն ընդունվեց:
168.am-ի հետ զրույցում Արամ Թանանյանն ասաց, որ մաքսային կցորդ նշանակում ու ազատում է կառավարության ղեկավարը։
«Ազատվելու համար որևէ պատճառ չկա, կառավարության ղեկավարն է մաքսային կցորդին նշանակում ու ազատում։ Այլ պաշտոն զբաղեցնելու որևէ առաջարկ չեմ ստացել»,- կարճ պատասխանեց Արամ Թանանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատճառներով է ազատվել պաշտոնից։
Փորձեցինք պարզել նաև՝ այս պահին Վերին Լարսում տիրող իրավիճակն ինչպիսին է, Արամ Թանանյանը, սակայն, կոռեկտ չհամարեց հիմա որևէ անդրադարձ կատարել այդ թեմային, քանի որ արդեն պաշտոնից ազատված է համարվում։
«Վստահ եմ, շուտով այլ մարդ կնշանակվի այդ պաշտոնին, և նա ընդհանուր տեղեկատվություն կտա»,- հավելեց Արամ Թանանյանը։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդն աշխատում է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Նրա պարտականություններն են Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների քննարկումն ու դրանց լուծում տալը:
Հիշեցնենք, որ Արամ Թանանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին: