Ռուսական կողմը ներքին հանդիպումների ժամանակ ընդունել է, որ իր պարտավորությունները չի կատարել. Խաչատուրյան
Մենք փետրվար-մարտին խնդիրներ ունեցանք Փառուխ գյուղի ուղղությամբ. մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձրունք գրավել: Այս մասին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Ես էլ եմ մասնակցել այդ քննարկումներին: Մենք շատ կոշտ դիրքորոշում ենք հայտնել և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմը ընդունեց, որ այդտեղ բացթողում կա: Հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու համար պատճառն ի՞նչ է: Բայց իրենք ներքին քննարկումների ժամանակ ընդունեցին, որ իրենց պարտավորությունը չեն կատարել»,-ասաց նա:
Վահագն Խաչատուրյանի բնորոշմամբ՝ այնքան լարված էր իրավիճակը, որ ԼՂ ժողովուրդի կողմից խնդիր էր դրված, որ եթե խաղաղապահները չեն կարող իրենց անվտանգությունը ապահովել, իրենք կվերադառնան Հայաստան:
«Ռուսական կողմի պատասխանը եղել է այն, որ իրենք պարտավոր են ապահովել ժողովրդի անվտանգությունը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք անվտանգ ապրեք: Անգամ կարող են ներկայացնել ներդրումային ծրագրեր, իրենք պատրաստ են դրանք ֆինանսավորել: Դրանից հետո տարածքային կոնֆլիկտներ տեղի չեն ունեցել, հակառակը՝ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում Եվրոպական հարթակում՝ Բրյուսելում: Էնտեղ էլ Ալիևը իրեն ավելորդություններ է թույլ տվել, որից հետո Շառլ Միշելը ուղղել էր նրան, որ այդ հարցը չի քննարկվել: Խոսքը Լեռնային Ղառաբաղ բառը չօգտագործելու մասին է»,-ասաց Խաչատուրյանը: