Բաժիններ՝

Բաքուն և Անկարան պատրաստ են համաժամանակ կարգավորել Երևանի հետ հարաբերությունները և բացել սահմանները, բայց Հայաստանը պետք է հրաժարվի «տարածքային հավակնություններից». Ալիևի օգնական

Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «Կովկասի նոր աշխարհագրություն» (չակերտները՝ Tert.am): Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին են փոխանցում իրենց «խաղաղասիրական» (չակերտները՝ Tert.am) դիրքորոշումը։ Երկու երկրները պատրաստ են համաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել իրենց սահմանները։ Բայց Հայաստանը պետք է հրաժարվի «թուրքական և ադրբեջանական հողերի» (չակերտները՝ Tert.am) դիրքորոշումը նկատմամբ իր հավակնություններից։ Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը, եղբայրական Թուրքիայի հետ մենք ստեղծում ենք Կովկասի նոր աշխարհագրություն», – ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) իրականացման շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ապագայի հիմնարար տարրերից մեկն է։

«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել էր Ալիևը։

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am), քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարում գտնվելու ժամանակ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀՀ կառավարության համար անընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող հատվածը «միջանցք» անվանելը։

«Մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է»,– նշել է Փաշինյանը` նկատի ունենալով` երկաթուղիները, ճանապարհները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս