ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնում կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ ու կրոնական հիմքով ատելության խրախուսման ու տարածման քաղաքականությունը

ԱՄՆ Կապիտոլիումի շենքում hունիսի 16-ին կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։

Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՝ կենտրոնանալով Պաշտպանի հաստատության առաջնահերթությունների վրա։ Պաշտպանը կոնգրեսականներին է ներկայացրել ՄԻՊ հաստատության կողմից ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ կատարվող աշխատանքները, ներկայացրել ընտանիքներին հուզող ամենակարևոր՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, ինչն Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։

Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանեկան բռնության, դրա դեմ պայքարի խնդիրներն ու հաստատության հետևությունները, ինչպես նաև՝ Կառավարությանն ու Ազգային ժողովին ներկայացված առաջարկությունները։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին առնչվող հարցեր՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վրա։ Կոնգրեսականները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կարևոր հարցերով հետևողական աշխատանքի համար և խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել Ատլանտյան Խորհուրդ միջազգային վերլուծական կենտրոնում։ Քննարկման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական քաղաքական ղեկավարության կողմից էթնիկ ու կրոնական հիմքով ատելության խրախուսման ու տարածման քաղաքականությունը, որն ուղղակի հակասում է այդ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին ու միջազգային իրավունքի նորմերին։

Զրուցակիցները հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող հավաքների ընթացքից, որին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից կատարվող աշխատանքներն ու իրադարձություններին տրված գնահատականները։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական իրավակարգը սպասարկող պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ ունենալու գրավական։

Տեսանյութեր

Լրահոս