Հայաստանի պետական ջազ նվագախումբը առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին։
Նվագախումբը փառատոնին կմասնակցի ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանի հրավերով:
«Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտական այս խոշոր փառատոնի շրջանակում հանդես կգա առաջին անգամ։
Փառատոնին նվագախումբը ելույթ կունենա երկու համերգով՝ ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանի, ինչպես նաև հայկական ժողովրդական գործիքներ ներկայացնող երաժիշտների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նվագախմբի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Զարյադյե այգու բացօթյա համերգասրահում, իսկ երկրորդը՝ հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կանաչ թատրոնում (ВДНХ)։
Նշվում է, որ փառատոնն անցկացվում է հունիսի 13-19-ը։ Մասշտաբային միջոցառմանը կմասնակցեն 700 արտիստներ Ռուսաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Համերգներն անցկացվում են Մոսկվայի լավագույն երաժշտական դահլիճներում և համալիրներում։ Փառատոնի շրջանակում կիրականացվեն նաև տարաբնույթ կրթական և մշակութային այլ ծրագրեր։