ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության նվազման միտում է նշել
Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն անցած շաբաթվա ընթացքում շարունակել է նվազել այն դեպքում, երբ մահացությունն ավելացել է 4 տոկոսով: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Հունիսի 6-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը նվազել է բոլոր տարածաշրջաններում, բացի արեւելյան Միջերկրականի տարածաշրջանի. այնտեղ հիվանդացությունն աճել է 58 տոկոսով, Ամերիկաների (13 տոկոսով) եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի (33 տոկոսով): Դեպքերի քանակության ամենամեծ նվազումը դիտվել է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում եւ Եվրոպայում՝ 8 տոկոսով Ընդամենը մեկ շաբաթա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 3,2 միլիոն դեպք:
Կորոնավիրուսից մահվան թվաքանակը նվազել կամ չի փոխվել բոլոր տարածաշրջաններում, բացի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի (այնտեղ մահացությունը աճել է 17 տոկոսով) եւ Ամերիկաների (21 տոկոս): Մահացության ցուցանիշն ամենաշատը նվազել է արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (35 տոկոսով): Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան ավելի քան 8,7 հազար դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման շուրջ 535 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից մահվան ավելի քան 6,3 միլիոն դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: