
Թուրքիայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են անցկացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեմս Ստոլտենբերգը հունիսի 15-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտնել է, որ Էրդողանը և Ստոլտենբերգը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումների թեման։
Թուրքական պետության ղեկավարը վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ փարատելու Թուրքիայի՝ անվտանգության վերաբերյալ ունեցած մտահոգությունները։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում առաջընթացն անհնար է առանց Անկարայի մտահոգություններին անդրադառնալու գործնական քայլերի և գրավոր պարտավորությունների՝ վերանայելու սկանդինավյան երկրների՝ ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական-արդյունաբերական համագործակցության մոտեցումների պարադիգմը»,-ասել է Էրդողանը։