Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնացը դեմ է արտահայտվել Թուրքիայի հատուկ գործողությանը
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Նուր-Սուլթանում «Աստանայի ձևաչափով» բանակցությունների մեկնարկից առաջ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ նոր օպերացիայի անցկացումը ոչ խելամիտ քայլ է անվանել: Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը:
Լավրենտևի խոսքով՝ Անկարայի նման քայլը Սիրիայում կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության աճի, զինված դիմակայության նոր փուլի։
«Մեր թուրք գործընկերներին կոչ կանենք ձեռնպահ մնալ այս քայլից և փորձել ի հայտ եկած մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ բոլոր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության միջոցով։ Մեր կողմից մենք պատրաստ ենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել»,- հավելել է Լավրենտևը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում PKK/YPG դեմ նոր գործողություն իրականացնելու և թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու պլանների մասին։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ թուրքական ռազմական գործողության մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է, և այն կարող է սկսվել ցանկացած պահի։