
Ռուսաստանն անթույլատրելի է համարում Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին

Սիրիայի տարածքին Իսրայելի հասցրած հարվածներն անթույլատրելի են: Այդ մասին ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել է «Աստանայի» բանակցությունների սկզբում։
«Դե իհարկե, մենք կքննարկենք Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծությունների հաճախանալու հարցը: Կարծում ենք, որ դրա վրա նույնպես հարկավոր կլինի կենտրոնացնել ուշադրությունը: Դա անթույլատրելի է»,-ասել է Լավրենտեւը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Դամասկոսի օդանավակայանին հասցված Իսրայելի հարվածների հետեւանքով վնասվել է թռիչքավայրէջքային գոտին, դա թույլ չի տալիս միջազգային չվերթներ ընդունել եւ ապահովել Սիրիա տարանցումն ու չվադարձը:
Լավրենտեւը հայտնել է, որ բանակցությունների մասնակիցները նաեւ կքննարկեն Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության հարցը, որն զբաղվում է «սիրիական ազգային սեփականության կողոպտմամբ», ինչին հարկավոր է «արգելապատնեշ դնել»: Ղազախստանում հունիսի 15-16-ին անցկացվում են «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ Սիրիայի կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի բանակցություններ՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: