Բաժիններ՝

Ատրճանակի սպառնալիքով 90․000 դոլար և 35․000 դրամ էին հափշտակել

Հունիսի 8-ի երեկոյան Կենտրոն վարչական տարածքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողն օտարերկրացի էր: Ժամը 21.30-ի սահմաններում երկու տղամարդ, որ հավանաբար գիտեին, որ տանը փող կա, թակել էին Արգիշտիի փողոցի բնակարաններից մեկի դուռը, ատրճանակի սպառնալիքով ներս էին խուժել, կապել տանտիրոջ ոտքերն ու ձեռքերը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էին 90000 դոլար, 35000 դրամ և դիմել փախուստի: Որպեսզի տանտերն արագ չարձագանքի, հանցամիտները դրսից փակել էին դուռը, բանալին թողել դռան վրա:

Կատարվածի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ ժամ անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից:

Արգիշտիի փողոց մեկնած քրեական հետախույզները ուսումնասիրեցին բնակարանը, արձանագրեցին՝ տուժողին որտեղ են կապել, որտեղից են հափշտակել փողը, զրուցեցին օտարերկրացու հետ:

Հանցագործների արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց:

Անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն Պատկանյան և Շենգավիթի 11-րդ փողոցների երկու բնակիչ, որոնցից մեկը՝ 29-ը, մյուսը՝ 22 տարեկան:

Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին 22-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 29-ամյա տղամարդուն իրավապահները նույն օրը հայտնաբերեցին Տոլստոյի փողոցում և բերման ենթարկեցին բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Ատրճանակն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս