
ԱՄՆ դեսպանը հրավիրել է Շվեդիային և Ֆինլանդիային մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ֆինլանդիան և Շվեդիան կարող են մասնակցել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին հրավիրյալ երկրների կարգավիճակում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիան Սմիթը: Տեղեկությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետությունների գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Մայիսի 18-ին Եվրամիության անդամ երկրներ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել, սակայն ՆԱՏՕ-ի անդամներից Թուրքիան արգելափակել է սկանդինավյան երկու երկրների հայտերի քննարկման գործընթացը՝ ներկայացնելով իր վերապահումներն ու նախապայմանները այդ կապակցությամբ: