Անհրաժեշտ է փարատել PKK-ի հետ կապված Թուրքիայի մտահոգությունները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է փարատել Անկարայի մտահոգությունները Թուրքիայում արգելված PKK-ի վերաբերյալ՝ նախքան Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ստոլտենբերգը պատմական է անվանել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու որոշումը։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կնպաստի ՆԱՏՕ-ի հզորացմանը։
«Այժմ մենք պետք է անդրադառնանք բոլոր դաշնակիցների անվտանգության մտահոգություններին, այդ թվում՝ Թուրքիայի լուրջ մտահոգություններին Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վերաբերյալ, և առաջ գնալու ընդհանուր ուղի գտնենք», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան ավելի շատ տուժել է ահաբեկչությունից, քան ՆԱՏՕ-ի որևէ այլ դաշնակից:
«Անկարան հիմնավոր մտահոգություններ ունի, որոնց բոլոր դաշնակիցները պետք է լրջորեն վերաբերվեն։ Ես և իմ գործընկերները շարունակում ենք սերտ երկխոսությունը Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ՝ Թուրքիայի մտահոգությունները փարատելու, ինչպես նաև երկու երկրների անդամակցության գործընթացը շարունակելու համար»,-եզրափակել է նա: