Բաժիններ՝

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական տալու մտադրություն չունի

Մամուլում տարածված տեղեկությունը, թե աշնանը հնարավոր է Կենդանաբանական այգու տնօրենի Ժ/Պ Էդմոնդ Ղազարյանը, ինչպես նախորդ տնօրենը, լքի զբաղեցրած պաշտոնը, իրականությանը չի համապատասխանում:

«Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ Հակառակը՝ այժմ մեծաթիվ աշխատանքներ է նախաձեռնել Այգու բարեկարգմանն ուղղված։ Աշխատանքային գերծանրաբեռնված շրջան է թե’ տնօրենի, թե’ ամբողջ աշխատակազմի մոտ՝ այգին ծաղկեցնելու ու հանրությանը նորություններ ներկայացնելու համար»,- 168.am-ին հայտնեցին Կենդանաբանական այգու լրատվական բաժնից:

Հիշեցնենք՝ հունիսի 13-ին՝ երկուշաբթի օրը, այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն աշխատակիցներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարին՝ Արմենակ Լալայանին։ Քննարկում է ծավալվել աշխատանքային ընթացքի, անհրաժեշտ լուծում պահանջող խնդիրների, նոր կենդանիներ ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման ու կենդանիների խնամքի մասին։

Լրատվական բաժնից փոխանցեցին նաև. որ այգին նոր կենդանատեսակ է ունեցել մայիս ամսվա վերջին: Այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարներ Արամ և Մարիաննա Առաքելյանների հովանավորությամբ հունիսի 1-ին ընդառաջ ձեռք են բերել 3 աֆրիկյան ջայլամ, իսկ հաջորդն արդեն պլանավորվում է։ Նախատեսված է այգու շինությունների տանիքները վերանորոգել և ներկել, այնուհետև կլուծվի անվտանգության հարցը՝ տարածքն ամբողջությամբ կցանկապատվի։

Հիշեցնենք նաև, որ, ի թիվս մի շարք փոփոխությունների, Կենդանաբանական այգում իրականացվել է գների համահարթեցում: Հունիսի 1-ից տոմսի արժեքը 3-69 տարեկանների համար 1000 դրամ է: Փոփոխությունների արդյունքում այցելուների որոշ խմբերի համար այգու մուտքն անվճար է, ինչպես նաև գործում են զեղչային տարբեր փաթեթներ:

Անվճար է մինչև 3 տարեկան, ինչպես նաև 70 և բարձր տարիքի անձանց համար, ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքների համար, հաշմանդամության կարգ ունեցող անձանց համար, մանկատանը կամ ծերանոցում հաշվառված անձանց համար, սահմանամերձ գյուղերի բնակիչների, սոցիալապես անապահով ընտանիքների համար: Անվճար այցելելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթուղթ, որը կհաստատի վերը նշված խմբերից որևէ մեկին պատկանելու հանգամանքը:

Զեղչ է սահմանվում 11 և ավելի անձերի դեպքում տոմսերի ընդհանուր արժեքից 5 տոկոսի չափով, դպրոցի, մանկապարտեզի, զարգացման կենտրոնի սաների համար յուրաքանչյուր տոմսի արժեքը կդառնա 300 դրամ: Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է տվյալ հաստատության տնօրենի կողմից ներկայացնել գրություն՝ նշելով հաստատության անվանումը, սաների թիվը և անուն-ազգանունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս