Բաժիններ՝

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տոլմայի հերթական՝ 11-րդ փառատոնը կանցկացվի. համտեսելուն զուգահեռ՝ նաև սովորելու մեծ հնարավորություն

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ հունիսի 19-ին ժամը 15:00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում նախաձեռնած տոլմայի 11-րդ փառատոնը հերթական խոհարարական միջոցառումն է, որը մեկտեղում է մարդկանց, ովքեր սիրում և հավատարիմ են մեր ազգային ինքնությանը, փորձում են ներդրում ունենալ մշակույթի զարգացման և պահպանման գործում:

«Խոհարարական միջոցառումները որպես զբոսաշրջային արդյունք՝ աշխարհում արդեն մեծ թափ են հավաքել, և շատ լավ է, որ մենք հետ չենք մնում, նորանոր ձևեր, միջոցներ և թեմաներ ենք գտնում՝ նոր երևույթների, միջոցառումների մասով: Այդ հնարավորությունը մեր բազմազան և բազմահամ խոհանոցը տալիս է: Միջոցառումը 11-րդ անգամ է անցկացվում, և անցած տարիներին էլ միշտ նորարարություն է եղել,  տոլմաների տեսակներ են առաջացել, նոր հյուրեր են եկել: Կարծում եմ, որ սա բացառություն չի լինի: Այս միջոցառումը ոչ միայն խոհանոցի զարգացման, տոլմայի հանրահռչակման խնդիր է լուծում, այլ ընդհանրապես մեր երկիրը ավելի գրավիչ դարձնելու խնդիր է լուծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի համակարգող Անի Նազարյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի կանցկացվեն վարպետաց դասեր: Այցելուները հնարավորություն կունենան սովորել, օրինակ, կավագործություն, կծանոթանան լավաշ թխելու արվեստին, պարելու մշակույթին: ներկայացվելու է նաև աշխարհի ամենաերկար տոլման՝ 150 մետր երկարությամբ: Կլինի 30 տաղավար, յուրաքանչյուրում՝ տոլմայի տարբեր տեսակ: Հնարավորություն կունենաք համտեսել կարտոֆիլով, կանեփով, ձկով, սագով տոլմա: Շուրջ 60 և ավելի տոլմաների ցուցադրություն է սպասվում:

Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են կազմակերպել հայ-իրանական խոհանոցային փառատոն: Հետագայում նախատեսում են նաև հայ-վրացական խոհանոցային փառատոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս