Երկկողմ հանդիպումներ, ցուցահանադեսի բացում․ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատար շարունակվում է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Կատարի Պետություն շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այցի երկրորդ օրը ևս մի շարք հանդիպումներ են նախատեսված։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Կատարի գործարար խորհրդի անդամների հետ, ապա կմեկնի Կատարի Հայր էմիրի՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի դիվան։

Այդ ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կհանդիպի Կատարի հանրային առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուարիի հետ, իսկ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը՝ Կատարի բարձրագույն կրթության նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Զաբր Ալ-Նուեյմիի հետ։

Վարչապետը կայցելի նաև Կատարի ազգային գրադարան, որտեղ տեղի կունենա «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Երկրի ղեկավարը կշրջի ազգային, ապա նաև «Ժառանգություն» գրադարաններում, կհանդիպի գրադարանի նախագահ պետական նախարար Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարիի հետ։ Այստեղից վարչապետը կմեկնի Կատարի ազգային թանգարան, կշրջի ու կծանոթանա կատարական մշակույթին։

Տեսանյութեր

Լրահոս