Բաժիններ՝

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ականանետների կիրառմամբ

Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն. տաջիկական կողմը կիրառել է նռնականետներ եւ ականանետներ: Այդ մասին հունիսի 14-ին հաղորդել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը:

«Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի տեղանքում տեղական ժամանակով մոտավորապես 07:00-ին (Երեւանի ժամանակով 05:00) Տաջիկստանի «Կեխ» սահմանային կետի կողմից կրակոց է եղել ղրղզական «Բուլակ-Բաշտ» սահմանային կետի կողմը: Ի պատասխան ղրղզական կողմից նույնպես պատասխան կրակոց է եղել տաջիկական կետի կողմը»,-հաղորդել են Սահմանապահ ծառայությունում:

Նրա տվյալներով՝ երկու կողմի սահմանապահները անմիջապես զբաղեցրել են մարտական դիրքերը: Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչները հեռախոսային բանակցություններ են անցկացրել: Միջադեպի վայր են մեկնել կողմերի սահմանապահ ջոկատների պետերը:

«07:50-ին տաջիկական կողմը կրկին փոխհրաձգություն է սկսել նռնականետների եւ ականանետների կիրառմամբ:

08:10-ին փոխհրաձգությունը դադարել է: Ներկայում անցկացվում է կողմերի սահմանապահների ներկայացուցչիների հանդիպում՝ փոխհրաձգության պատճառները պարզելու եւ իրադրության էսկալացում թույլ չտալու համար»,-նշել են Սահմանապահ ծառայությունում: Իրադրությունը սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում բնութագրվում է որպես լարված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս